Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ
Թմրածությունը՝ պարեսթեզիան, մաշկի զգացողության կորուստը կամ խանգարումն է: Հնարավոր է լինեն նաև այլ զգացողություններ՝ այրոց, ծակծկոց և այլն: Թմրածությունը կարող է արտահայտվել մարմնի ցանկացած մասում՝ ձեռքին, ոտքին, գլխին, իրանին: Այս ախտանշանը կարող է լուրջ ախպտաբանության ախտանիշ լինել:
Ինչո՞ւ է առաջանում
Մաշկի զգայունությունը ապահովվում է նյարդային ռեցեպտորներից գլխուղեղ գրգիռների հաղորդմամբ: Իսկ երբ որևէ հատվածում նյարդային իմպուլսի հաղորդումը խանգարված է, առաջանում է թմրածություն:
Պատճառ կարող է լինել նյարդի սեղմվածությունը, արյան վատ շրջանառությունը, որը հանդիպում է վարակների կամ տոքսիկ ախտահարումների ժամանակ:
Ե՞րբ է թմրածությունն` անվտանգ
Նորմայում թմրածություն կարող է առաջանալ մարմնի երկարատև անհարմար դիրքի հետևանքով, երբ նյարդերը սեղմվում են: Բայց այդ վիճակն արագ անցնում է` հատկապես ակտիվ մի քանի շարժումից հետո:
Նորմայի մեկ այլ տարբերակ է ցրտահարությունը: Թմրածության մյուս բոլոր դեպքերում, հատկապես, եթե դրանք կանոնավոր կերպով կրկնվում են և ուղեկցվում այլ ախտաբանական արտահայտություններով, պետք է դիմել բժշկի:
Ախտաբանական թմրածություն
Թմրածությունը կարող է ուղեկցել ամենատարբեր հիվանդությունների: Դրանք պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մյուս ախտանշաններին:
Ձեռքի թմրածություն կարող են լինել.
- պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ. լրացուցիչ ախտանշաններ են գլխացավերը, ոսկրերի ճրթճրթոցը, տեսողության վատացումը,
- դաստակով անցնող նյարդի սեղմման՝ թունելային համախտանիշի դեպքում. լինում են նաև ցավեր, ձեռքի թուլություն, այս համախտանիշը ոմանց մոտ մասնագիտական ախտաբանություն է, երբ ստիպված են լինում մշտապես շարժել դաստակը, այդ թվում նաև` համակագչային մկնիկը,
- Ռեյնոյի հիվանդության ժամանակ. խանգարվում է նաև պերիֆերիկ արյան շրջանառությունը, հիվանդությունը ժառանգական է, այն ընթանում է նոպայաձև, երբ լինում է ցավ և սառչում են մատները:
Ձեռքերի թմրածությունը կարող է լինել նաև սրտային նոպայի կամ միոկարդի ինֆարկտի նշան:
Ոտքերի թմրածությունը հանդիպում է հետևյալ ախտաբանությունների ժամանակ.
- ողնաշարի հիվանդություններ՝ միջողային ճողվածքներ, նստանյարդի սեղմում, ռադիկուլիտ, գոտկատեղի օստեոխոնդրոզ և այլն,
- երակների վարիկոզ լայնացում,
- թրոմբոֆլեբիտ,
- օբլիտերացիոն էնդարթերիտ՝ ստորին վերջույթների անոթների ախտահարում (ծխողների հիվանդություն):
Մարմնի տարբեր մասերի թմրածություն
Սակավարյունությունը՝ օրգանիզմում երկաթի անբավարարությունը, արտահայտվում է ոտքերի և ձեռքերի թմրածությամբ, լինում է նաև գունատություն, թուլություն, մաշկի չորություն:
Շաքարային դիաբետի դեպքում զարգանում է նեյրոպաթիա՝ նյարդային վերջույթների համակարգային ախտահարում, որն էլ առաջացնում է ոտքերի և ձեռքերի թմրածություն:
Մարմնի, դեմքի, վերջույթների թմրածությունը կարող է լինել ցրված սկլերոզի արտահայտություն:
Ռևմատոիդ արթրիտի ժամանակ երբեմն դիտվում է վերջույթների թմրածություն:
Մարմնի մի կեսի թմրածությունը բնորոշ է կաթվածին:
Թմրածություն կարող է առաջանալ նաև ուռուցքի ժամանակ:
Կան թմրածության այլ պատճառներ ևս.
- նևրալգիաներ,
- օրգանիզմում որոշ նյութերի պակաս՝ կալցիում, մագնեզիում, В խմբի վիտամիններ,
- որոշ դեղերի կողմնակի ազդեցություն,
- ալկոհոլային ինտոքսիկացիա:
Քանի որ պատճառները շատ են, կոնկրետ ախտաբանությունը միայն մասնագետը կարող է պարզել: Ախտորոշման համար իրականացվում են տարբեր հետազոտություններ՝ լաբորատոր հետազոտություններ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), դոպլերոգրաֆիա:
Սկզբնաղբյուր. medsovet.info


